Սիրիան կկտրի իր տարածքներին հավակնող ձեռքը․ Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, հաղորդում է SANA գործակալությունը։ «Էրդողանն ինքն է բացահայտել Սիրիայի դեմ Թուրքիայի թշնամանքի իրական պատճառները, որոնք բռնակալ Էրդողանի` սիրիական տարածքների հանդեպ ունեցած երազանքների և ցնորքների արդյունքն են»,-ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան սիրիացի ժողովրդի տառապանքների հիմնական պատասխանատուն է։ Սիրիայի ԱԳՆ-ը զգուշացնում է, որ «սիրիացի ժողովուրդը, բանակը և ղեկավարությունը թույլ չի տա բռնակալ Էրդողանին միջամտել իր գործերին և կկտրի իր տարածքներին հավակնող ձեռքը»։
«Թուրքիայի միջամտությունը հարևան պետությունների ներքին գործերին սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև խախտում ՄԱԿ ԱԽ բանաձևը, որոնք վերաբերվում են ահաբեկչության դեմ պայքարին»,-ասվում է հայտարարության մեջ։
