Հայաստանում թուրքական լոլիկ է իրացվում. նախարարությունը արձագանքում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի նախօրեին հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով՝ այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է: Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգն ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետականմարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար: «Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,- նշել է նախարար Առաքելյանը:
