Սերժ Սարգսյանի՝ «Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու» վերաբերյալ պարզաբանման պահանջ Բակո Սահակյանից
2016թ. նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորական հայտարարությունների ժամին «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԼՂ պատգամավոր Հայկ Խանումյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցին: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև. «2016թ. նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս լրագրողին տված իր հարցազրույցում կրկին հանդես է եկել պարտվողական և զիջողական հայտարարություններով՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները»: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից: Սերժ Սարգսյանի այս հանձնվողական դիրքորոշումը որդեգրվել է Հայաստանի մի շարք քաղաքական և պետական գործիչների կողմից, որոնք տեղի-անտեղի խոսում են տարածք հանձնելու մասին: Նրանց մի մասին Արցախի քաղաքական ուժերը թե՛ հրապարակային, թե՛ անմիջական հանդիպումներում անդրադարձել են, հորդորել, պահանջել հրաժարվել պարտվողական հռետորաբանությունից: Ինչպես տեսնում ենք, արդյունքներ դեռ չկան: Այսօր ես մեկ անգամ ևս այս ամբիոնից ցանկանում եմ հիշեցնել, որ տարածքային զիջումների մասին խոսելը դավաճանություն է: Պարտվողական հռետորաբանությունը լկտիացնում է մեր թշնամուն, բացասական է ազդում մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, հետ է պահում պոտենցիալ ներդրողներին Արցախի որոշ շրջաններում ներդրումներ կատարելու մտքից, Արցախի որոշակի շրջաններում բնակվող մարդկանց մոտ առաջ է բերում արտագաղթի մտադրություններ: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի ասածի վերաբերյալ պարզաբանում եմ պահանջում Արցախի նախագահ Բակո Սահակյանից: Արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ են Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններ: Սա առանցքային հարց է, քանզի մտավախություններ կան, որ Արցախում սահմանադրական փոփոխություններ են պարտադրվում լեգիտիմության պակասով նախագահ ունենալու համար, որպեսզի նա ստորագրի Արցախի, ամբողջ հայության շահերին հակասող պայմանագրեր»: «Վերածնունդ» խմբակցություն
