Ջեյմս Ուորլիքն ակնարկել է, թե ով չի կատարում Վիեննայի համաձայնագրերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համանախագահի պաշտոնը թողնում է անձնական պատճառների հետևանքով։ «Իմ հեռանալու պատճառն անձնական է։ Ես ամերիկացի դիվանագետի հաջողված կարիերա եմ կառուցել և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներից հետո նախագահները պարտավորություններ են ստանձնել առաքելության ընդլայնման եւ երկու կողմերից աջակցություն ստանալու հարցում։ «Մենք հիմա աշխատում ենք առաքելության ընդլայնման մանրամասների շուրջ։ Վստահ եմ, որ կհասնենք դրան»,– ասել է նա։ Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահի անունը կհայտարարվի մոտ ապագայում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրականացնել միջնորդական գործունեություն՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Ես միանգամայն վստահ եմ, որ ԱՄՆ նոր համանախագահը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա։
