Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի հիշատակին կանգնեցված հուշաքար չկա. թուրքական ԶԼՄ–ները խեղաթյուրել են փաստերը
Օրերս թուրքական, այնուհետև նաև որոշ հայկական լրատվամիջոցների կողմից «Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշաքար է բացվել» վերնագրով տարածված լուրը մեծ իրարանցում է առաջացրել և բուռն արձագանքների արժանացել։
Քրդական շարժման ամենաակտիվ կենտրոններից մեկը համարվող Դերսիմում Արցախի շարժման հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշաքար կանգնեցնելու մասին լուրն ակտիվորեն շրջանառվեց նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից և հատկապես ակտիվորեն օգտագործվեց Թուրքիայում մեծ տարածում գտած «Քրդական շարժումը հայերի ձեռքի գործն է», «Քուրդ գրոհայիններն ԱՍԱԼԱ-ի շարունակությունն են» հակահայ քարոզչական թեզի շրջանակներում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ տասնյակ լրատվական կայքերի միջոցով տարածված հոդվածի սկզբնաղբյուրը թուրքական «Սյոզջու» պարբերականն է, որը հայտնի է իր հակահայ և խիստ ազգայնական դիրքորոշմամբ:
Ստեղծված խճճված իրավիճակի վրա լույս սփռեց Թուրքիայում գործող ընդդիմադիր demokrathaber.org կայքի հրապարակած լուրը, ըստ որի` Թունջելիի (Դերսիմի) նահանգապետարանը հայտարարել է ծնունդով Թուրքիայից հայտնի հայ հեղափոխական Արմենակ Բաքըրջյանի հիշատակին տեղադրված հուշաքարը քանդելու որոշման մասին:
Հրապարակված նյութում պարզ երևում էր, որ լուսանկարում նույն հուշաքարն է, որը թուրքական ԶԼՄ-ները ներկայացնում էին իբրև Մոնթե Մելքոնյանի հիշատակին կանգնեցված հուշաքար:
Հիշեցնենք, որ 2015թ.-ի ապրիլի 30-ին Դերսիմի Նազըմիյե շրջանի Խարիկ գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքար է տեղադրվել: Հուշարձանի վրա տեղ էին գտել նաև Մոնթե Մելքոնյանի, Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի, Հրանտ Դինքի և Հայկական հարցի այլ նշանավոր մարտիկների անուններ:
«Այո, նույն հուշաքարի մասին է խոսքը: Իրականում Մոնթեի հիշատակին Դերսիմում և, առհասարակ, Թուրքիայում հուշաքար երբևէ չի կանգնեցվել: Միայն Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքարի վրա նշված է եղել նաև Մոնթեի, Հրանտի անունը: Այն նոր չէ: Պարզապես ազգայնամոլական «Սյոզջու» պարբերականը կեղծ նյութ հրապարակեց այս թեմայով: Կարծես թե նոր հուշաքար էր: Շատ վատ հոդված էր», - Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց demokrathaber.org-ի համախմբագիր Հրանտ Գասպարյանը:
Ավելին` Tert.am-ի Դերսիմի աղբյուրը (անունը նշված չէ` անվտանգության նկատառումներով) մանրամասնեց, որ Բաքըրջյանի հիշատակին կանգնեցված հուշաքարն ազգայնականներին հանգիստ չի տալիս տեղադրման օրվանից ի վեր, և այն քանդելու համար իշխանական լրատվամիջոցներն ու տեղի ծայրահեղականները լուրջ աշխատանքներ են տանում վերջին շրջանում, որի վերջին փուլն էլ կարելի է համարել այս օրերին տարածված կեղծ լուրն ու հուշաքարի քանդման որոշման ընդունումը:
«Խոսքը հենց Արմենակ Բաքըրջյանի հուշաքարի մասին է: Մինչ այս Քոնիայում և այլ քաղաքներում ֆաշիստ փաստաբանների մի խումբ իբրև թե Մոնթեի հիշատակին կանգնեցված հուշաքարի մասին այս ստահոդ հոդվածը ձեռքից ձեռք փոխանցելով թեման օրակարգ մտցրեց, ստիպեց, որ քանդվի: Զինվորները Դերսիմում սպառնացել են նահանգապետարանի աշխատակիցներին` ասելով, թե «եթե չքանդեք` մենք ենք անելու»: Որոշումն ընդունված է, քանդվելու է», - պատմում է Դերսիմի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հուշաքարի տեղադրման գործում:
Արմենակ Բաքըրջյանը ծնվել է 1953թ.-ին Դիարբեքիրում (Տիգրանակերտ), սասունցի հայերի ընտանիքում:
Ավելի ուշ Ստամբուլում, ուր մեկնել էր ուսում ստանալու նպատակով, անդամակցել է քրդական TİKKO կազմակերպությանը:
Խոսվում է նաև այն մասին, որ Բաքըրջյանը մեծապես օգնել է Պոլսո Հայոց պատրիարքարանի նախաձեռնած Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած իսլամացված հայ որբերին Ստամբուլ տեղափոխելու և ձուլումից փրկելու գործընթացին: Հայկական Սուրբ Խաչ Դպրեվանքում ուսանելուց հետո մտերմացել է Հրանտ Դինքի հետ:
Բաքըրջյանը սպանվել է 1980թ.-ի մայիսի 13-ին Էլյազըղում (Խարբերդ)` իր դեմ կազմակերպված դավադրության միջոցով:
tert.am
