Սարի թաղի բնակիչները՝ անձնական վրեժխնդրության զոհ
<Սասնա Ծռեր> խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո հուլիսի 19-ին Սարի թաղում բախումներ տեղի ունեցան տեղի բնակիչների և ոստիկանների միջև, որի հետևանքով բերման ենթարկվեցին և մինչ օրս անազատության մեջ են գտնվում Սարի թաղի 9-ը բնակիչներ: Վերջիններիս հարազատներն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենց հարազատներին անօրինական են պահում կալանավայրերում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը պատմեց, որ իրենք կադրերը մանրակրկիտ դիտել են եւ ոչ մի ոստիկան չկա, որ տուժել է 316 հոդվածի 2-րդ մասով։ «Մեր 9 տղաների գործողությունները նայել ենք: Երբ օդ են կրակել, իմ ամուսինը վախենալով քարը նետել է նրանց ուղղությամբ, դա հիմք չէ տասը տարի դատելու համար։ Նրանք վեճն ամբողջությամբ չեն դնում, որ քաղաքացիները պահանջում են տրանսպորտ, ծնողները, տատիկները ոտքով էին շուկա գնում, քաղաքացին չի կարողանում աշխատանքի գնա, քանի որ տրանսպորտ չկա, թող մեզ ծանոթացնեին, որ չի լինելու գազ, ջուր, տրանսպորտ։ 2 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, 1000 դրամով տաքսիով պիտի բարձրանար տուն, անգամ տաքսու վարորդները մեզ չէին հասցնում տուն եւ տղաները պայքարում էին մեր սոցիալական խնդիրների լուծման համար»,-նշեց Նարինե Ղազարյանը։ Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանն էլ պատմեց. «Ամուսինս ինքնակամ է ներկայացել բաժին, մտածելով, որ մեղք չունի: Նրա բաժին գնալուց հետո ինձ բաժնից գիշերը ժամը 1-ին զանգահարեցին ու ասացին, որ առավոտյան ամուսնուս հագուստը ներկայացնեմ քննչական կոմիտե: Առավոտյան երբ տարա հագուստը, ինձ գործում ներգրավեցին որպես վկա, այն դեպքում, երբ ես ոչնչից տեղյակ չեմ եղել, նույնիսկ դեպքի վայրում չեմ եղել: Ու Էդ գործի մեջ շատ բացթողումներ կան՝ փորձագետի եզրակացություն չկա գործի մեջ, քանի որ նրա գլխին և մարմնին բազմաթիվ հարվածներ են եղել, առերեսում չի եղել, ոստիկաններից ոչ մեկը ցուցմունք չի տվել տղաների դեմ, բայց ամուսինս արդեն երրորդ ամիսն է` անազատության մեջ է ապօրինի: Քննիչը նախնական երկու ամիս կալանավորում է, դրանից հետո նրա կալանքը չի երկարացվել, ու հիմա դատական պրոցեսն է, և արդեն 6-րդ նիստը հետաձգվում է»: Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սարի թաղի բնակիչները նշեցին, որ իրենց հարազատները անձնական վրեժխնդրության զոհեր են, եւ որ բազմաթիվ անգամներ են այս հարցրերը բարձրացրել պետական ատյաններում, սակայն որեւէ արձագանք չկա: Նրանք դիմել են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին: Փայլակ Ֆահրադյան
