Խեղճ Ալեքսանյանը «փախավ»...
Երեկ, Ազգային ժողովի հերթական նիստի օրը լրագրողները իրենց հարցերով «խեղդեցին» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ալեքսանյանը համառորեն խուսափում էր լրագրողների հետապնդումներից և կարճ պատասխան էր տալիս: Հարցին՝ թե համապատասխանում է իրականությանը տարածված տեղեկատվությունը, ըստ որի «Երևան Սիթի» խանութների ցանցում զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառվում Ալեքսանյանը նկատեց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն: «Երբ ճիշտը կգրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են ցավդ տանեմ»,- ասաց նա: Ալեքսանյանը կրկին հիշեցրեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին: Դիտարկմանը, թե դժվար հարցերին պատասխանելու համա՞ր եք միայն պահանջում 500 եվրո, Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»: Ալեքսանյանը չպատասխանեց նաև Ապարանում իր թեկնածությունը առաջադրելու մասին հարցին: Աստղիկ Ավագյան
