Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն»-ը 4-5 հազար անդամ ունի
«Ժառանգություն» կուսակցությունը 4-5 հազար անդամ ունի՝ «Հրապարակ»-ին ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նշված թիվը մոտավոր է, գուցե ավելին լինի: Նրա կարծիքով՝ Հայաստանում գործող և քիչ թե շատ հայտնի կուսակցությունների անդամների թիվը տատանվում է այս միջակայքում, և ինքնախաբեություն կլինի այդ թիվն ուռճացնելը:
«Ակնհայտ է, որ որևէ մեկն ընդդիմադիր կուսակցության անդամ դառնալուց մտածում է, որ կարող է աշխատանք կորցնել, ինչ-ինչ վտանգների տակ հայտնվել: Եվ, ընդհանրապես, կուսակցության համակիր լինելն ու կուսակցական լինելը տարբեր բաներ են: Համակիրները կարող են շատ լինել, սակայն կուսակցական գործունեությամբ զբաղվելու ցանկություն քչերը կարող են ունենալ», - ասել է նա:
«Նշենք, որ մինչ հանրապետականացման վերջին՝ 7 հազարանոց բումը, ՀՀԿ-ն, ըստ պաշտոնական տվյալների, ուներ 153 հազար անդամ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, փաստորեն, կուսակցական դառնալով, կլորացրեց այդ թիվը՝ դարձնելով 160 հազար: Թե նրանցից քանիսն է գաղափարական ՀՀԿ-ական, քանիսն է հանուն կարիերայի ու անձնական նեղ շահեր սպասարկելու մտել այդ կուսակցություն՝ կդժվարանան ասել անգամ էքստրասենսները», - հավելել է թերթը:
