Պատգամավորին զենք է պետք
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱԺ օրենքի նախագիծը, որի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց պատգամավորներին զենք տրամադրելու վերաբերյալ: Նա համոզված է, որ հատկապես ընդդիմադիր պատգամավորները պետք է զինված լինեն, որովհետև նրանք հավասար պայմաններում չեն գտնվում իշխանական պատգամավորների հետ. վերջիններս բոլորը զենք ունեն: Պատգամավորը պահանջում է, որ օրենքով նախատեսվի, որ իր դիմումի համաձայն պատգամավորին հատուկ բաժինը պետք է տրամադրի զենք: Մարուքյանի պահանջին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՝ «Այդ ո՞ր պահից Ձեզ մոտ զենք ունենալու ցանկություն ծագեց»,-որին ի պատասխան ԲՀկ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց ՝ «Հանրապետականի հետ շփվելուց հետո»: Այնուհետ, իր ելույթում, Էդմոն Մարուքյանը նշեց, որ, քանզի հաջորդ Խորհրդարանում լինելու է մեծամասնության ներկայացուցիչ և իշխանություն, ինքն այս պահից արդեն մտածում է Հանրապետականի մասին, որը հաջորդ Խորհրդարանում լինելու է փոքրամասնություն: «Պատգամավորի զենքն իր խելքն ու միտքն է»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:
