«Քաղաքական դաշտը չլցնել ոչ պիտանի, ոչ կենսունակ քաղաքական ինստիտուտներով». խորհուրդ է տալիս ՀՀԿ-ականը
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանըն այսօր Հայելի ակումբում նշեց, որ վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում։«Երբ հայտարարում են, որ մեկ գիշերվա մեջ 7000 հոգի անդամակցեց կուսակցությանը, իրականությանը մոտ չէ։ Հետաքրքիր է քննել, թե 7000 հոգին մեկ գիշերվա մեջ ինչպես անդամակցեց եւ, առհասարակ, գոյություն ունե՞ն այդ 7000 հոգին։ Խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն զարգանում է զուտ նրանով, որ 7000 հոգի անդամակցեց մեկ գիշերում՝ դա քաղաքական եւ գաղափարական մեսիջ չէ»,-ասաց Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ դեռեւս հարց է, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժի Սարգսյանի ելույթն ինչ չափով իրականություն կդառնա: «Մենք նմանատիպ հաղորդագրություններ բազմիցս ենք լսել: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեր, որ Հայաստանում լինեն անբիծ ընտրություններ, բայց խոսել անբիծ ընտրությունների մասին եւ Ընտրական օրենսգրքով հակառակն անել, դա արդեն հարց է»,- փաստեց բանախոսը: ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանի խոսքերով էլ՝ սա այն հերթական համագումարն էր, որ փորձեց վեր հանել մեր նախորդ համագումարից այս համագումար անցած ճանապարհին բոլոր խնդիրները, մեր ունեցած ձեռքբերումները: Անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդ է ցանկություն հայտնել անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, ասաց. «Հեղինակություն ունեցող մարդ է մտել կուսակցություն եւ իր հետեւից գաղափարակիցների թիմ կարող է ունենալ: Տարիներ առաջ, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կուսակցության ղեկավարն էր՝ 2006 թվականին, երբ մենք նոր մտանք կուսակցության շարքերը, մեր հետեւից բժիշկների, մանկավարժների մի մեծ խումբ մտավ»: Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի նպատակն այն է, որ մարդ կուսակցությունները չապակողմնորոշեն ժողովրդին եւ քաղաքական դաշտը չլցնեն ոչ պիտանի, ոչ կենսունակ քաղաքական ինստիտուտներով։ «ԸՕ-ում եղավ փոփոխություններ, որով հավասար հնարավորություններ պետք է ստեղծվեր ընդդիմության եւ իշխանության համար՝ ընտրական հանձնաժողովներ ձեւավորելու, ընտրական տեղամասերում դիտորդների, վստահված անձերի ներկայացվածությունն ապահովելու առումով։ Մինչդեռ, մենք կանգնեցինք մի փաստի առաջ, որ այն, ինչ ասված էր Սերժ Սարգսյանի կողմից, արվեց, սակայն տրված հնարավորությունը ընդդիմությունը չկարողացավ օգտագործել»։ Սոնա Դավթյան
