«Սեղմում եք պատգամավորին, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա»
Այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, դիմելով հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, հարցրեց, թե ինչպես կարող է պատգամավորի ելույթը 5 րոպե լինել. «Չեմ հասկանում՝ պատգամավորը պետք է նույն հավասար իրավունքն ունենա, ինչ վարչապետը: Բա ընտրել են, չէ, պատգամավորին, առավելեւս, երբ նա ընդդիմություն է: Սեղմում եք նրան, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա»: Դահլիճում նստած պատգամավորները սկսեցին ծիծաղել, այդ թվում նաեւ՝ ինքը՝ Հրանտ Բագրատյանը: «Ես ձեր հասկացածը նկատի չունեի: Ընդդիմության դերը պետք է բարձրանա: Ի՞նչ նորություն ունեք այս նախագծում, որ պատգամավորը կարողանա իր օրենսդրական նախաձեռնությունն առաջ տանի»:
