Շարմազանովը չի հավատում ընդդիմության հաղթանակին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ընդդիմությունը հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ընդդիմադիր կուսակցությունները բանակցություններ են վարում միավորվելու շուրջ, Է. Շարմազանովն արձագանքեց. «Կա «Բարգավաճ Հայաստան», կա «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, «Ժառանգություն», գոնե խորհրդրանաւոմ այդքան կան: Այդքանը որ, գոնե, իրար գլուխ միավորվեն, մենք միայն ուրախ կլինենք, բայց դա անհնար է, ինչո՞ւ, որովհետև 2017 թվականի ընտրությունների առանցքային հարցերից մեկը պիտի լինի ՀՀ արտաքին քաղաքականությունը ու չի կարող լինել, որ մինչև ժամը 6-12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից, 12-2-ը ՝ ԵՏՄ-ի, 2-6-ն էլ՝ չկողմնորոշված։ Ես, որպես քաղաքացի Շարմազանով, եթե գնամ ընտրության, պետք է հասկանամ, թե ում եմ ձայն տալիս, մի ուժի, որ ուզում է Հայաստանը գնա ՆԱՏՕ, ԵՄ, թե մի ուժի, որը կարծում է, որ Հայաստանը պիտի գնա ՀԱՊԿ, այնտեղ իր հարաբերությունները խորացնի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միասնական ցուցակը, երբ տարբեր են քվեարկել Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագրին: Արհեստական միավորումներն անգրագիտություն են, բոլոր միավորումները պիտի լինեն քաղաքական օրակարգի շուրջ, իսկ եթե միավորվեն, դա կլինի ուղղակի քաղաքական կոմբինացիա, որը մենք տեսել ենք՝ «Ժառանգության», «Արդարության» դաշինքի հետ կապված, որ ընտրվել են ու ընտրություններից հետո փլուզվել են: Ընդդիմությունը դեռ ինքն էլ չգիտի՝ ինչ է անելու և ինչ ֆորմատով է գնալու ընտրությունների: Եթե իշխանության դաշտում շատ պարզ է, դուք կարո՞ղ եք ասել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանն» իրար հետ են գնալու, թե ոչ, ՀԱԿ-ը միայնակ է գնալու, թե ոչ»: Միեւնույն ժամանակ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն բոլոր կուսակցություններին մրցակից է տեսնում, եւ գիտի, որ ժողովրդի ուշքը ՀՀԿ-ի համար չի գնում: Փայլակ Ֆահրադյան
