Նաղդալյանի «կարեկցանքը»
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խղճում է այն տղամարդկանց, որոնք որեւէ անելիք եւ ասելիք այլեւս չունեն իրենց կյանքում եւ քաղաքականության մեջ եւ իրենց մնացել է անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Նաղդալյանը, անդրադառնալով ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց տեսքի ու ելույթների վերաբերյալ քննադատաություններին: «Սրանից տարիներ առաջ տղամարդիկ, այնուամենայնիվ, մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն,այսքան մանրությունն ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»,- նշեց Նաղդալյանը: Լրագրողներից մեկի հարցին՝ գո՞հ էր ինքը ելույթներից, ԱԺ փոխնախագահը տվեց հետեւյալ պատասխանը. «Գիտեք ես քաղաքական գործիչներին կամ կուսակցականներին չեմ բաժանում կանաց կամ տղամարդկանց: Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները, եւ այդ կուսակցականներն ունեն բոլոր իրավունքները՝ ասելու այն ինչ մտածում են, այն ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Եվ խոսում են մեր հանրության, ցավալի պրոբլեմներից եւ ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի է ականջալուր լինել, կարելի է չլինել: Այ էդպես մոտեցեք դրան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Փայլակ Ֆահրադյան
