Ես չեմ կարող լռել, որովհետև իմ ապագան տեսնում եմ այստեղ, իմ հողի վրա
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր հյուրն է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Մեր պետության անցած 25 տարիների մասին – Մեր պետությունն արդեն 25 տարեկան է, ու գնալով երկրում առկա խնդրները ոչ թե նվազում, այլ շատանում են: Ինչո՞ւ քառորդ դարը բավարար չեղավ ստեղծելու այն հայրենիքը, որը երազել ենք: – 25 տարին կարճ ժամանակահատված է, բայց, իհարկե, այն կարելի էր ավելի արդյունավետ անցնել, մեր այսօրվա առկա խնդիրների ավելացումը և շատուշատ հարցերի չլուծված լինելը մեր ազգային նկարագրի լավագույն արտացոլումն են: Այսքանը կարողացանք անել՝ ոչ ավելին... Պարզվեց, որ մեր երազած հայրենիքն ստեղծելու համար դեռ ավելի երկար ճանապարհ ունենք անցնելու՝ ինքնամաքրվելու, կարողանալու դասեր քաղել, հնարավորինս սխալները չկրկնելու և այլն: – Այս տարիների ընթացքում մենք հասցրինք մեծ հաշվով մոռանալ մեր հոգևոր դիմագիծն ու արժեքները: Մենք պարզապես կորցրի՞նք ինքներս մեզ նոր հարաբերությունների ու կարգերի հորձանուտում: – Հոգևոր դիմագիծն ու արժեքներն անհնարին է լիովին կորցնել, եթե դրանք երբևիցե եղել են, իսկ մենք վստահաբար դրանց կրողն ենք: Պարզապես հիմնականում մեր վախերն ու անվստահությունը վաղվա օրվա հանդեպ մեզ հասցրել են հարաբերությունների ու կարգերի այսպիսի հորձանուտի: Վախը պետք է հաղթահարել, այն շատ չարիքների հիմք է: – Սեփական տեսակի և ինքնության պահպանումը որքանո՞վ է կարևոր ազգային ուժեղ պետություն ստեղծելու ճանապարհին: – Սեփական տեսակի և ինքնության, ավանդույթների պահպանումը և ազգային գիտակցությունն անչափ կարևոր են ուժեղ պետություն ստեղծելու ճանապարհին, հատկապես մեր ազգի համար` խորապես համոզված եմ: – Այս հարցում ի՞նչ դեր կարող է ունենալ մտավորականը: – Մտավորականը կարող է ունենալ ուղղորդող դեր, եթե նա ազնիվ է և շիտակ, ունի անփոփոխ ու հստակ կեցվածք և հավատ է ներշնչում: – Արդյոք նման խնդիրները պետք է լինե՞ն մտավորականների առանձին խմբերի հոգածության առարկա: Այստեղ պետությունն անելիք չունի՞: – Ցանկալի կլիներ, որ ուղղորդողը և պատասխանատուն պետությունը լիներ, մեր սպասելիքները, իհարկե, նախևառաջ պետությունից են: – Դուք միացել եք «Հոգևոր Հայաստանին», Սերժ Թանկյանի նախաձեռնած «Justice within Armenia» նախաձեռնությանը: Նման նախաձեռնություններն ունեն զուտ քարոզչակա՞ն բնույթ, թե կարող են իրական արդյունքներ ապահովել: – Եթե քարոզչությունը տարվի ճշմարիտ և հավաստի ուղղությամբ, ապա այն կարող է շատ մեծ արդյունք ապահովել: Ես սիրով միացել եմ և կմիանամ այն բոլոր նախաձեռնություններին, որտեղ կան փոփոխությունների տանող ազնիվ մղումներ, իսկ որ փոփոխություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են, կասկած չունեմ: Ներկայի քաղաքական փոփոխությունների մասին – Վերջին շրջանում Դուք բավականին ակտիվ քաղաքացիական կեցվածք եք որդեգրել: Արագ և դիպուկ արձագանքում եք երկրում տեղի ունեցող հասարակական ու քաղաքական շատ երևույթների: Համարում եք, որ մտավորականը չպե՞տք է «կաղապարված» լինի միայն մշակույթով: – Ես նախ արտահայտում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը: Համարում եմ, որ ինչ–որ հաջողությունների հասած անհատը, որն ունի մեծ լսարան, իրավունք չունի աչք փակելու կամ լռելու մեր կյանքում և երկրում տեղ գտած բացասական երևույթների մասին: Բացի դրանից, ես անտարբեր չեմ կարող լինել Հայաստանի ճակատագրի հանդեպ, որովհետև իմ ապագան տեսնում եմ այստեղ, իմ հողի վրա: – Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական լուրջ զարգացումներ: Նոր վարչապետի կատարած քայլերը կարծես թե որոշակի հույսեր են արթնացրել: Դուք փոփոխությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք: – Շատ եմ ուզում հավատալ նոր վարչապետին: Սակայն վերջին օրերին նրա անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը մտորելու տեղիք է տալիս... Կարծեք թե խորհրդային կարգերին վերադառնալու կարոտախտ կա, երևույթը մեղմ ասած, տխրեցնող է... Ես առհասարակ հապշտապ եզրակացություններ անելու կողմնակից չեմ: Յուրաքանչյուր մարդու պետք է տալ հնարավորություն և համբերությամբ սպասել արդյունքին: Կարող եմ բերել մեր սիրելի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օրինակը, երբ նրա` նոր ակումբ տեղափոխվելուց շատ կարճ ժամանակ անց, ողջ հայ ժողովուրդը «պահանջում» էր նրա շարունակական հաղթարշավը: Հարկավոր է սպասել, համբերել, ինչու չէ նաև հուսադրել, և հետո միայն կանխորոշել հնարավոր «գահավիժումը»... – Մենք չափից շատ հույսեր չե՞նք կապում մեկ մարդու հետ: Մեկ մարդը կարո՞ղ է բերել ցանկալի փոփոխություններ: – Մեկ մարդը, եթե նա իսկական առաջնորդ է, կարող է սարեր շուռ տալ: Ավելին` եթե գտնվի Մեկը, որն իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը, ապա շատ ավելի նախընտրելի կլինի նրա հետևից գնալը: – Իշխող ուժը` Հանրապետականը, հայտարարել է, որ պատրաստ է գնալ վերափոխման, վերակազմակերպման: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք, և դա որքանո՞վ անկեղծ կլինի: – Մեզ անհրաժեշտ են թարմ ուժեր` երիտասարդ, կարող, լայնախոհ, արտերկրում կրթություն ստացած, լեզուների տիրապետող, մեր երկրի ճակատագրով և ապագայով իսկապես մտահոգ մարդիկ: Այդ դեպքում կլինի վերափոխման, վերակազմակերպման հնարավորություն: Մեր այսօրվա օպերային արվեստի մասին – Մենք ունեցել ենք օպերային արվեստի հրաշալի ավանդույթներ: Կարողացե՞լ ենք դրանք պահպանել և շարունակել: Այսօր օպերային արվեստն ի՞նչ վիճակում է: – Մեր ունեցած օպերային արվեստի հրաշալի ավանդույթները, ցավոք, չենք պահպանել, առավել ևս` շարունակել: Այսօրվա մեր օպերային թատրոնից երկար ժամանակ կպահանջվի, մինչև կարողանա վերադարձնել իր նախկին նվազագույն խաղացանկը, աշխատելաոճը և, իհարկե, երբեմնի համբավը: Հայաստանի օպերային թատրոնը հարկավոր է զարգացնել «ներսից», այն պետք է ծառայի նախևառաջ հայ հանդիսատեսին, մատաղ սերունդը կրթելուն, ինչպես նաև մեր երիտասարդ երգիչ–երգչուհիներին կայանալու և ինքնահաստատվելու հնարավորություններ ընձեռելուն: – Ներկայի վիճակը պետական մոտեցման բացակայությա՞ն հետևանքն է: – Եթե պետությունը գիտակցում է այս ամենի կարևորությունը, իհարկե, պետական մոտեցման խնդիր է: Ողջ աշխարհում օպերային թատրոնը գտնվում է պետական հոգածության ներքո: Նույնիսկ Դուբայում հասկացան, որ երկրի վարկանիշը բարձրացնելու և զբոսաշրջիկներին գայթակղելու լավագույն միջոցը նաև օպերային թատրոն ունենալն է, և վերջերս կառուցեցին 2000 տեղանոց մի հրաշալի օպերային թատրոն: – Ի՞նչ պետք է անենք գոնե մոտենալու համաշխարհային չափանիշներին: – Մենք համաշխարհային չափանիշներին մոտենալու խնդիր չունենք դեռևս: Ինչպես վերը նշեցի, նախ պետք է լրացնենք այն մեծ բացը, որն առաջացել է 25 և ավելի տարիների ընթացքում: Մի ամբողջ սերունդ օպերային թատրոն չի այցելել: Հարկավոր է նախ նրան վերադարձնել, հետո մտածել այլ չափանիշների մասին: – Դրսի աչքն ավելին կնկատի` այսօր Հայաստանում մշակույթի դաշտում, կոպիտ ասած, խաղի ի՞նչ կանոններ են գործում: – Հայաստանում մշակութային կյանքը բավականին ակտիվ է, բոլոր ոլորտներում կան տաղանդաշատ անհատներ, որոնք ամեն գնով փորձում են ստեղծագործել և կայանալ: Նրանց հարկավոր է օգնել և խրախուսել: Անհրաժեշտ է շեշտը դնել զուտ հայկականի վրա: Պետք չէ ամաչել, խույս տալ մեր ազգայինից և անհաջող կապկել մեզ օտար և անհասկանալի երևույթները: Ավելի արագ և հաստատուն քայլերով կարող ենք առաջ գնալ, եթե մեր ազգային, դասական արժեքները հիմք ընդունելով` ստեղծենք նորը, ժամանակակիցը: – Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի երգչուհի Հասմիկ Պապյանը: Ե՞րբ նորից կգաք Հայաստան: – Նոր տարում ծրագրված են ելույթներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ունեմ նաև հրավեր` երգելու ներկայացում մեր օպերային թատրոնում: Հուսով եմ` այս ծրագրերը կկայանան: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
