Ընտրություններին չմասնակցող կուսակցությունները պետք է ինքնալուծարվեն. Շարմազանով
ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե պետք է աստիճանաբար գնալ այն ճանապարհով, որ այն կուսակցութունները, որոնք երկու, երեք կամ չորս գումարման Ազգային ժողովների ընտրություններին չեն մասնակցում, ընդամենը թղթի վրա են, պետք է ինքնալուծարվեն: «Եթե քաղաքական ուժը 15 տարի շարունակ երեք ցիկլով չի մասնակցում պառլամենտական ընտրություններին, մի 15 տարի էլ չի մասնակցում ՏԻմ ընտրություններին, լավ ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության»,- ասաց Շարմազանովը: Ըստ նրա՝ կուսակցությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, երկրորդ՝ պետք է ապահովել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար. «Միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում։ Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը, մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականացման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չի ստեղծել, կա բավական հաջողված փորձ, ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»: Ըստ Շարմազանովի՝անհրաժեշտ են նաև սահմանափակումներ ՝ողջամտության սահմաններում։ Նա նաև նշեց, որ աստիճանաբար գնալու են կուսակցությունների խոշորացման ճանապարհով, դա անխուսափելի է, բայց արհեստականորեն խոչընդոտելը ճիշտ չէ, պետք է բնականոն լինի դա: Սոնա Դավթյան
