Կուսակցություններն իրավունք կունենան հեռացնել պատգամավորին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ օրենքով կուսակցությունը գրանցումից վեց ամիս անց պետք է ստեղծի տարածքային ստորաբաժանումներ: Այժմ առաջարկվում է երեք տարբերակ՝ ստորաբաժանում պետք է ունենա կամ Երեւանում կամ մարզերի մեկ երրորդում կամ Երեւանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդով ապահովել ծածկույթ հանրապետության ողջ տարածքով: Այնուհետև նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծով, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, այլ խմբակցություն չի կարող մտնել: «Խնդիրն այն է, որ խմբակցությունից դուրս գալով՝ նրա պատգամավորական մանդատը չի կարող վայր դրվել, նա մնում է որևէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր: Իսկ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ տրմաբանությունը հանգում է նրան, որ պատգամավորը լայն լիազորություններ ունի կամ հանձնաժողովներում ու պատվիրակություններում է ընդգրկվում, եթե ինքն ինչ-որ խմբակցության անդամ է: Եթե խմբակցության անդամ չէ, սկզբունքորեն լիազորությունների շեշտակի անկում է ապրում: Եթե ինձ հարցնեք, այդպիսի պատգամավորը, բացի քվեարկելու իրավունքից, սկզբունքորեն ուրիշ ոչինչ չի կարող անել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս նորմը փոփոխվում է, քանի որ Սահմանադրությամբ է ամրագրված: Բացի այդ, կուսակցությանը հնարավորություն է ընձեռվում, որպեսզի պատգամավորին իր խմբակցությունից հեռացնելու հնարավորություն ունենա: Ինչ վերաբերում է կուսակցության գրանցմանը, ապա նախարարի խոսքով, այն մերժվում է, եթե կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին. «Սակայն դա չի նշանակում, որ հետ է վերադարձվում նաեւ գրանցման դիմումը. դա լինում է միայն այն դեպքում, երբ կա օրենսդրության հետ կապված խնդիր: Ինչու եմ սա ասում, քանի որ այս դրույթը շատ է շահարկվել՝ ասվելով, թե դա քաղաքական հետապնդում է, կամ պատվեր: Այժմ մերժման համար նշվում են բացառիկ հիմքեր, որոնք հիմնված են Սահմանադրության վրա: Մերժվում է գրանցումը, եթե կուսակցության կանոնադրության մեջ նշված է եւ քարոզվում է սահմանադրական կարգի բռնի տապալում, հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենսդրությանը կամ համագումարում որոշում չի ընդունվել կուսակցություն ստեղծելու մասին: Բացի այդ, այժմ վեց ամսից երեք ենք դարձրել համագումարից հետո գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը»: Սոնա Դավթյան
