«Հանրային բարիքն այսօր ամբողջությամբ դրված է մեկ կուսակցության տակ». Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, թե լիբերալ, ազատական դաշտի կողմնակից է: «Զարմանում եմ, թե ում է խանգարում, որ 79 քաղաքական ուժ ունենք գրանցված, որոնք չենք գործում կամ գրասենյակ չունենք։ Կարծում եմ՝ դա չէ այսօր ՀՀ քաղաքական համակարգի գլխավոր խնդիրը: ՀՀ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանելու մոտեցումն է, քաղաքական մոնոպոլիան է։ Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականացումն է, եւ դա է պատճառը, որ մեկ գիշերվա մեջ 7000 մարդ կարող է դառնալ մի կուսակցության անդամ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական համակարգի պրոբլեմներից մեկը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հանրապետականացումն է, որ այդ ընկերությունները դառնում են Հանրապետական կուսակցության մասնաճյուղերը: «Եվ այստեղ ընդդիմությանը կասեն՝ դե մի մտածեք, 20 հազար մարդ էլ ձեզ ենք կամենում: Այդ որտեղի՞ց պետք է 20 հազար մարդ գնա ու դառնա որևէ ընդդիմադիր ուժի անդամ: Հայաստանում բոլոր պետական կառավարման, տեղական ինքնակառվարման մարմիններն ամբողջությամբ գործում են մեկ կուսակցության համար, սա՞ է այն քաղաքական համակարգը, որի համար Սահմանադրությունը փոխվել է»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ հանրային բարիքն այսօր ամբողջությամբ դրված է մեկ կուսակցության տակ, իսկ Հանրային ՀԸ ամբողջությամբ լուսաբանում է ՀՀԿ համագումարը. «Որևէ այլ կուսակցություն Հանրայինով լուսաբանվու՞մ է այդքան։ Հանրային բարիքը ծառայում է մեկ կուսակցությանը։ Այդ ո՞նց է, որ ինչքան մոնոպոլիստ գործարար կա, գրեթե բոլորը ՀՀԿ անդամ են»։
