Շարմազանովի մաղթանքը ընդդիմադիրներին
ԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ բազմաթիվ խնդիրներ կան։ Առաջինն այն է, որ կուսակցությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, երկրորդ՝ պետք է ապահովել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար. «Միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում։ Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը, մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականացման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չի ստեղծել, կա բավական հաջողված փորձ, ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»,- ասաց նա: Ըստ Շարմազանովի՝անհրաժեշտ են նաև սահմանափակումներ ՝ողջամտության սահմաններում։ «Այսինքն՝ եթե մենք ուզում ենք զբաղվել քաղաքականությամբ, և ես ու պարոն Բաղդասարյանը որոշում ենք կուսակցություն ստեղծել 2-ով, դա բավարար չէ: Դրա համար կա հասարակական կազմակերպություն, մենք պիտի կարողանանք հասարակական կազմակերպությունն ու գարեջրասերների միությունը տարբերակել կուսակցությունից։ Մենք պետք է աստիճանաբար գնանք զգուշավոր փոփոխության ճանապարհով։ Այն կուսակցությունները, որ գոնե 2-3 գումարման Ազգային ժողովի ընտրությունների չեն մասնակցում, պետք է ինքնալուծարվեն»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Նա նաև անդրադարձավ 1 գիշերում ՀՀԿ-ին 7000 անձի անդամագրվելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդդիմադիրներին համալրվելու մաղթանք ուղղելով։ «Մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամով»: Փայլակ Ֆահրադյան
