«Հայկազյան և Սուքիասյան բառարաններում այլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն». Զոհրաբյան
ՀՀ ԱԺ-ում շարունակվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մի քանի խնդրահարույց կետեր առանձնացրեց: Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ-ն ընտրել է խորհրդարանական երկիր դառնալու ճանապարհը, որտեղ, իր իսկ խոսքով ասած, ակցենտը պետք է կուսակցությունների վրա դրվի: Նրա համար անհասկանալի է կուսակցությունների գրանցման այս լիբերալացումը: «Nonsense է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, գիտեք մոտավորապես, որ պիտի գրանցվեն: Հայկազյան և Սուքիասյան բառարաններում այլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն, սա նորմալ բան չէ: 79-ից 70-ն առնվազն մարդ կուսակցություն է, որի գոյության մասին մենք իմանում ենք միայն ընտրության ժամանակ, երբ պիտի գնան, կցվեն մի խոշոր կուսակցության, փող ուզեն սատարելու համար: Մի 10-ն էլ հերթի են կանգնած, որ մինչև դեկտեմբեր գրանցվեն»,- հայտարարեց Զոհրաբյանը: Պատգամավորը պնդեց, որ ինքը դեմ չէ լիբերալացմանը, բայց միևնույն ժամանակ գտնում է, որ եթե գնում ենք կուսակցական քաղաքական համակարգի կայացման, ապա այս «աջաբսանդալը» բերելու է ավելի վատ հետևանքների: «Սնկի նման ծնվում են կուսակցություններ՝ առանց ծրագրի ու գաղափարախոսության, ու գնում են, իրենց ծառայությունները մատուցում խոշոր կուսակցություններին՝ դառնալով այս կուսակցությունների սատելիտները՝ վնաս հասցնելով քաղաքական համակարգին, քաղաքական կուսակցական համակարգը վերածելով «բազարի», առք ու վաճառքի: Չե՞ք կարծում, որ այս խնդիրը պետք է կարգավորվի»,- շարունակեց պատգամավորը: ԲՀԿ խմբակցության ղեկավարին նաև մտահոգում էր պաշտոնական դիրքի չարաշահումն՝ ի շահ կուսակցության. «Ես չէ, որ պիտի ասեմ, որ ԺԷԿ-ի պետից մինչև վերև իրենց «պեչատը» ծառայեցնում են կուսակցության շահին: Կամ այս ձևական արգելքը հանենք, կամ էլ նման բան չլինի»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով նշեց, թե կիսում է Զոհրաբյանի որոշ գնահատականներ: Հովհաննիսյանը կրկնեց, որ իր կարծիքով էլ 79 կուսակցություն ունենալը Հայաստանի համար ճոխություն է, շքեղություն ու ավելորդություն: «Մենք խնդիր ունենք կուսակցությունների կայացման, սակայն չեմ համարում, որ լիբերալացումը սխալ է: Չեմ կարծում, որ կուսակցություններն ու նրանց նկատմամբ պահանջները պիտի ավելի խիստ լինեն, գործող օրենքը, եվրոպական երկրների համեմատությամբ, բավական խիստ պահանջներ է ներկայացնում, եթե ստուգվի՝ 2000 անդամ ունեն, թե չունեն, որ կուսակցությանն են անդամակցում, մեր նախարարությունը չէ, որ պիտի ասի՝ դու մարդ կուսակցություն ես, դու ծառայություններ մատուցելու համար ես ստեղծված, դրանք իրողություններ են, որոնց հետ ես կարող եմ համաձայնել, բայց ես, Դուք չպիտի գնահատենք, նրանց գնահատողն ընտրողն է, իսկ ընտրողն այսօր իր գնահատականը տվել է, կարելի է խոսել մեծ քվեների մասին ու արձանագրել բավական վատ արդյունք, ինչին մենք ականատես եղանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- պատասխանեց նախարարը: Փայլակ Ֆահրադյան
