Պաշտոն խոստացե՞լ են
«Դա նշանակում է ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն` անդրադառնալով իր՝ ՀՀԿ ԳՄ դառնալու որոշմանը: Արփինե Հովհաննիսյանին դեռ չեն ասել, թե 2017-ից հետո ինքն ի՞նչ պաշտոն է ունենալու: Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց` իսկ ձեզ պաշտոն խոստացե՞լ են: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված «խոստում» ձևակերպումն ինքնին կոռեկտ չէ, ոչ այդպիսի ձևաչափ կա…»: Անդրադառնալով նախագահի`այդ հայտարարությանը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա կառավարությանը եւ վարչապետին տրված վստահության քվե էր եւ հավաստումը նրա, որ բարեփոխումների գիծը շարունակվելու է: Ինչ վարդաբերում է այն տեսակետներին, որ ՀՀԿ-ին անդամակցելով՝ վարչապետը կորցրեց իր հեղինակությունը, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, կուսակցությանն անդամակցելը տվյալ անձի որոշումն է: Այդ մեկնաբանությունները ուղղակի ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտարարել: Բայց բոլորովին այլ հարց է՝ տվյալ կարծիքն արտահայտողը և այդ կարծիքի ենթադրյալ սուբյեկտը, կիսո՞ւմ է այդ կարծիքը, թե՞ ոչ»:
