«ՀՀԿ-ին անդամակցած քաղաքացիները եղել են Գազպրոմի աշխատակիցներ». Ալեն Սիմոնյան
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ կուսակցության համագումարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ինչպես Հայելի ակումբում ասաց՝ տարօրինակոչինչ չկա մեկ գիշերվա ընթացքում ՀՀԿ-ին 7000 անձի անդամակցության մեջ և հիշեցրեց, որ նման դեպք էլի է արձանագրվել անկախ Հայաստանում, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ կուսակցական: Իսկ մյուս բանախոս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ զանգվածային կերպով ՀՀԿ-ին անդամակցած քաղաքացիները եղել են Գազպրոմի աշխատակիցներ. «Նրանց վրա ճնշումներ են եղել: Հնարավոր է՝ մեկ օրում էլ այդքան մարդ լքի Հանրապետական կուսակցությունը»: Սակայն Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ մարդիկ ինքնակամ են անդամագրվել՝ տեսնելով տնտեսական բարվոք ցուցանիշները, որոնց մասին խոսեց նաև նախագահը. «Երկիրը բավականին լավ վիճակում է գտնվում, եթե համեմատում ենք իննսունականների հետ, երբ համեմատում ենք եվրոպականի հետ, բացասական տարբերությունը հասկանալի է»: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին չխոսեց կոռուպցիայի, արտագաղթի, աղքատության մասին: Այդ ցուցանիշները նրա նախագահ դառնալուց հետո ավելի են վատթարացել: Այս դիտարկմանն էլ պարոն Ալեքսանյանը ասաց «Դուք լսե՞լ եք նախագահից, որ երկիրը գտնվում է շատ լավ վիճակում: Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ կոռուպցիա չկա»:
