Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք. ՀՀԿ փոխնախագահ
«ՀՀԿ-ն էլ իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ՝ կապված այս կամ այն հանրային քաղաքական գործչի մուտքի հետ։ ՀՀԿ-ն այսօր ներկուսակցական ժողովրդավարության աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է։ Մինչև որոշումների կայացումը մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայականը։ Որոշումները կայացնելուց հետո այդ որոշումները պետք է խստագույնս կյանքի կոչվեն։ Սա արդեն կարգապահություն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հավելեց. «Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք։ Մենք կուսակցություն ենք, որ վերից վար միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց արժեհամակարգային շրջանակը հիմնականում նույնն է»։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007թ., Անգելա Մերկելը ղեկավարում է Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միությունը 2000թ.։ Այս առումով, ըստ նրա, որևէ խնդիր չկա. եթե անձը վայելում է իր կուսակիցների վստահությունը, շարունակում է պաշտոնավարել։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն երևի միակներից է, որ պատմության ընթացքում 3 առաջնորդ է կորցրել և վերապրել։
