Զինված խմբի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է
Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ գործը մակագրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին: Այս գործով անցնում են 20 անձինք, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գործով անցնում են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պաշտպաններն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում:
