Վստահ եմ` Սերժ Սարգսյանը գոհ է. Սերժ Սարգսյան
Այսօր բոլորի համար անսպասելի, բաց և թափանցիկ քվեարկությամբ, առանց փող բաժանելու, կառուսելների և կուտակումների, 1700 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների բաշխմամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ: Հետո նույնքան անսպասելի ամբիոնի էկրաններին հայտնվեց ելույթ, «7 խորհուրդ հանրապետականներին» անվանումով: Կազմակերպիչների կրեատիվը հուշել էր, որ եթե համագումարը սկսվել է աղոթքով, ապա տրամաբանական կլինի ավարտել Հանրապետականի 7 մահացու մեղքերի հիշատակմամբ: Իսկ մեղքերը կամ խորհուրդները կհնչեցնի Ինքը (անալոգիան կարծում եմ հասկանալի է): Եվ այսպես, ընտրվելուց հետո, վերջին բոլշևիկը, սպիտակ ծաղկազարդ ամբիոնից կարդաց մի ահավոր վատ տեքստ, որն իր համար գրել էին և, որն իր հետ ոչ մի կապ չուներ: Ինքն իր կարդացածին չէր հավատում՝ այն ակնհայտ դիսկոմֆորտ էր առաջացնում և բովանդակային առումով էլ, մեծ հաշվով, իրենից բան չէր ներկայացնում: Ակնհայտ էր, որ կազմակերպիչները ամենն արել էին խուսափելու համար սովետական ասոցիացիաներից, բայց համագումարն, այնուամենայնիվ, անցավ ԽՄԿԿ համագումարներին բնորոշ լավագույն ավանդույթներով: Վստահ եմ` Սերժ Սարգսյանը գոհ է:
