«1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ «1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն:«Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Բայց պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, և խմբագրելով դա՝ խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը», ասաց Վիգեն Սարգսյանը: Հարցին, թե հայտարարվել է, որ ով ցանկանա, կարող է դիմում գրել ու հրաժարվել այդ վճարից, ասաց, որ այդ հարցը կհստակեցնեն երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ: «Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը դա շատ լայն աջակցության քվե է», նշեց Վիգեն Սարգսյանը:
