ՀՀԿ-ն բանաձև է ընդունել
Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ընդունվեց կուսակցության բանաձեւը: Այն ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները եւ չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց եւ ընտանիքների կյանքը: Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին: Մեր արտաքին քաղաքականութան նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը»,- ասաց նա: «Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում: Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը եւ ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է»,- նշեց Արմեն Աշոտյանը:
