Կարեն Կարապետյանն իրավունք ունի՞ պաշտոնավարել
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով, լրագրողներից մեկի հարցին, թե Կարեն Կարապետյանը Հայաստանում 5 տարի մշտապես չի բնակվել, հետեւապես արդյոք դա խոչընդոտ չի հարուցի խորհրդարանական ընտրություններից հետո նրա պաշտոնավարմանը, ասաց. «Եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարությունն ընտրություններից հետո ևս կգլխավորի Կարեն Կարապետյանը: Սա իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, որովհետև ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ապրիլին խորհրդարանական ընտրություններում հնարավորություն տրվի: 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնությունը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, իսկ 2018թ-ից հետո գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանական կառավարումը կդրսևրովի իր ողջ ներկապնակով, ինչը նշանակում է, որ խորհրդարական մեծամասնությունը, ով էլ լինի, ինչպիսի ներկայացվածություն ունենա, կրկին ձևավորելու է իր կառավարությունը՝ ոչ թե պետք է պատգամավոր ընտրվես, որ դառնաս թեկնածու, այլ ցուցակում ընդգրկվելու իրավունակության համար կան որոշակի պահանջներ, որը ցուցակը ներկայացնելուց հետո կգնահատի իրավասու պետական մարմինը»: Հարցին, թե դա նշանակում է, որ վարչապետի թեկնածուն պարտադիր չէ՞, որ լինի ցուցակի առաջին համարը՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կուսակցությունը կորոշի՝ ինչ ցուցակով ներկայանալ և ըստ ստացած քվեների քանակի՝ կներկայացնի վարչապետի իր թեկնածուին»։
