Քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է. Սերժ Սարգսյան
Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը: Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ»,- հայտարարեց նախագահը:
