Ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները և ակումբ-կուսակցությունները. Նախագահ
ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում իր ելույթում ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գալիք 2-3 տարիները լինելու են խիստ կարեւոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետ կերպով կյանքի կոչելու տեսանկյունից:Այս մասին մենք բազմիցս եւ հանգամանալիորեն խոսել ենք: Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները, կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձեւավորող եւ շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող եւ ընդդիմադիր բեւեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաեւ անխուսափե լի են դառնում քաղաքական միավորների խոշորացումը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով՝ Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018թթ-ի փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում:
