Մեր տղերքը շատ մոտ են իրար հետ` նման բան ո՞նց կլինի. Շահգալդյանը Լիսկայի տղային չի կասկածում
Երեկ երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. դանակահարվել է Կոտայքի նախկին մարզպետի թոռը: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում որդուն էլ դանակահարել են, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղայի` Տիգրանի վիճակը լավ է, նա արդեն տանն է: «Սուտ են ասում, որ ծանր է վիճակը կամ էլ վնասվածքները շատ են` ոտքի վրա երկու սանտիմետր կտրվածք կար, կարել են ու տուն ենք բերել: Նա իրեն լավ է զգում»,-ասաց Շահգալդյանը: Հարցին, թե ըստ լուրերի` կասկածյալը Սուրիկ Խաչատրյանի որդին է, Շահգալդյանն ասաց, որ չկա նման բան, քանի որ Սուրիկ Խաչատրյանի փոքր տղան և իր տղան մտերիմ ընկերներ են: «Մեր տղերքը շատ մոտ են իրար հետ` նման բան ո՞նց կլինի: Կասկածյալը ոմն Տրդատ է, ում հետ վեճ է եղել, հետո սա դանակը հանել ու հարվածել է տղայիս: Ազնիվ խոսք, տղամարդու խոսք եմ ասում, որ կասկածյալը Խաչատրյանի տղան չէ, նա կապ չունի այս պատմության հետ: Դա ինչ-որ մեկի վառ երևակայությունն է»,-ասաց Շահգալդյանը` նշելով, որ իրավապահներն անում են ամեն ինչ կասկածյալին հայտնաբերելու համար և հույս ունի, որ հենց այսօր նրան կհայտնաբերեն:
