Գուրգեն Եղիազարյան. «Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելու որոշումը հաշվարկված քայլ է»
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրեր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը իրենց կարծիքներն են արտահայտել այդ հարցի վերաբերյալ: Լրագրողների այն նկատառմանը, թե առաջին անգամ վարչապետը վարկանիշով հաղթել է նախագահին, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ դա չի նշանակում, թե Կարեն Կարապետյանը որևէ բան է արել, այլ նշանակում է, որ ինչ-որ բան կարող է անել: Ըստ բանախոսի՝ Կարեն Կարապետյանը հանդես է գալու Մովսեսի դերակատարությամբ՝ հայ ժողովրդին ծանր վիճակից դուրս բերողի դերում: Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնվեց Ահարոն Ադիբեկյանի հետ և ասաց, որ Կարեն Կարապետյանը քիչ բան չի արել: Ուրիշ հարց է այն, որ ամեն գնով փորձում են իր արածները թաքցնել ժողովրդից: «Հովիկ Աբրահամյանին նույնպես խանգարում էր իշխանությունը: Հիմա հայ ժողովուրդը սպասելիքներ ունի Կարեն Կարապետյանից և եթե իրեն չխանգարեն, չխաբեն ու «չգցեն», նա կիրականացնի իր ծրագրերը: ՀՀԿ-ին անդամակցելն իր կողմից հաշվարկված քայլ էր, քանի որ ես չեմ կարծում, թե նրա համար երազանք է եղել անդամակցել ՀՀԿ-ին»- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Այն հարցին, թե ինչ կտա Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելը կուսակցությանը և իրեն՝ վարչապետին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ առաջին անգամ ՀՀԿ-ն մարդկային կերպար կստանա, դեմքով կշրջվի դեպի ժողովուրդը: Տաթևիկ Թահմազյան
