Դավիթ Գասպարյան. «Ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելը մեծ քաղաքականություն է»
Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրն էր գրականագետ Դավիթ Գասպարյանը: Քննարկվում էր ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում 2-րդ պետական լեզու հռչակելու ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովայի առաջարկը: Ըստ Դավիթ Գասպարյանի՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելը միայն լեզվական խնդիր չէ. դա իր հետ բերելու է մշակույթ, գրականություն և կողմնորոշում: «Դա մեծ քաղաքականություն է: Հարգանք՝ ռուսներին, բայց ամեն ինչ իր տեղում պետք է լինի: Ես լուրջ չեմ ընդունել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու մասին առաջարկը: Ռուսաստանի հետ մենք գործնական հարաբերությունների մեջ ենք, բայց ամենևին չի նշանակում, որ դա պետք է արվի մեր ազգային անկախության հաշվին: Այն ամենն ինչ մենք ձեռք ենք բերել մեծ կորուստներով, պետք է պահպանենք» - ասաց Դավիթ Գասպարյանը և հավելեց, որ ժամանակին անգամ Խորհրդային միությունը չի պարտադրել ռուսերենը հռչակել պետական լեզու: Տաթևիկ Թահմազյան
