Ֆրանսիան Իրանին 138 օդանավերի մատակարարումը կսկսի հուլիսին
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական 138 օդանավերի մատակարարման գործընթացը կմեկնարկի հուլիսին։ Այդ մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին։ Վերջինս երկրի ավիատրանսպորտի պարկի ամբողջական նորացման մասին զեկույցով հանդես է եկել խորհրդարանում՝ նշելով, որ Ֆրանսիան ծրագրել է օդանավերի մատակարարումը սկսել հուլիսին։ Օդանավերի գնման մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 28-29-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ֆրանսիական այցի ընթացքում։ 138 օդանավերից 118-ը հատկացնելու է ֆրանսիական Airbus կոնցեռնը, իսկ մնացյալ 20-ը՝ ATR ընկերությունը, որը հիմնվել է Ֆրանսիայում և հանդիսանում է Airbus-ի ու իտալական Finmeccanica ընկերության համատեղ ձեռնարկություն։ Ներկայումս Իրանի քաղաքացիական օդանավերի պարկը բաղկացած է 248 ինքնաթիռից, որոնց միջին տարիքը կազմում է 20 տարեկան։ 100 օդանավ տեխնիկական պատճառներով հանվել է շահագործումից։
