«Քիչ է մնում` գրեն. «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց». Խուրշուդյանը վիրավորված է
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՄՕԿ-ի որոշման մասին, որ ՀԱՕԿ-ը պետք է հնարավորինս շուտ վերադարձնի Լոնդոն-2012-ում Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը:Ինչպես ասաց՝ կվերադարձնի Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, եթե նման պահանջ դրվի: «Եթե ես լինեմ որոշողը, ապա չեմ վերադարձնի, բայց օրենքին չեմ կարող չենթարկվել: Եթե ուզեն, պետք է վերադարձնեմ»,- ասաց մարզուհին: Ըստ նրա իմաստ չունի մարզումները շարունակելը, եթե 10-ը տարով որակազրկեն. «Քանի դեռ հայտնի է չէ, թե ինչքան ժամանակով է որակազրկումս, շարունակելու եմ մարզումներս։ Եթե 10 տարով որակազրկեն, ի՞նչ իմաստ ունի իմ մնալը»: Խուրշուդյանը նշեց նաև, որ վիրավորված է լրագրողների վերաբերմունքից: «Ցավալի է, որ մեր հարգելի լրագրողները միայն վատ լուրերն են արագ տարածում։ Քիչ է մնում` գրեն. «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց»։ Չի կարելի նման բան գրել, չէ՞ որ մարզիկները նաև ձեր ոգևորության կարիքն ունեն։ Ինչո՞ւ չեք նշում, որ Խուրշուդյանը Եվրոպայի գործող չեմպիոն է»,- ասաց նա։
