Մկրտչյանը՝ չարաշահումների եւ ՀՀ-ում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, Լեզվի մասին օրենքը մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխման ենթակա չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն` անդրադառնալով` ՀՀ-ում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու հարցին: Ինչ վերաբերում է ռուս պաշտոնյայի հայտարարությանը, ԿԳ նախարարը նշեց. «Որեւէ օտար պաշտոնյա, պաշտոնատար անձ ցանկացած կարծիք դրսում կարող է հայտնել: Բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոխելու ոչ մի հարց չկա: Կարգավիճակ տալու խնդիր գոյություն չունի: Գոյություն ունի եղած լեզուները խորացված ուղղությունններով գնալու խնդիր: Ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որն ուներ անգլիական թեքում: Բայց բացի օտար լեզուներից, որը բոլոր դպրոցներում են անցնում, օրինակ ունեինք անգլերեն լեզվի եւ գրականության փոքր կուրս, ունեինք Անգլիայի աշխարհագրություն, ամերիկյան գրականություն, որն օգնում էր լեզուն ավելի լավ հասկանալու համար: Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները: Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը 1998-ին է ընդունվել: Ռուսաց լեզվի պարագայում ունենք եւս մի կարեւոր դաշտ, որովհետեւ գտնվում ենք ԵՏՄ դաշտում եւ ռուսերենը այստեղ միջպետական հաղորդակցման լեզու է: Այստեղ ռուսերենն անհրաժեշտ է»: Անդրադառնալով Վերահսկիչ պալատի կրթական համակարգում հայտնաբերված չարաշահումներին, նախարարը նշեց, որ այն եղել է երկու տարի առաջ, եւ այդ հարցով զբաղվում են համապատասխան մարմինները: Փայլակ Ֆահրադյան
