Կառավարությունը պատրաստվում է ձմեռվան
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածների վերանորոգման աշխտանքներ: Նախարարն ասաց, թե ըստ նախագծի` ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով հանրապետության մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթևեկելի և խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երևույթների հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349,279.0 հազար դրամի չափով, որից 76,032.0 դրամն ուղղելով հիշյալ օբյեկտի հիմնանորոգման և նախագծային աշխատանքներին, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններին, իսկ 272,183.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին: Փայլակ Ֆահրադյան
