Հակոբ Ավետիքյան. «Մենք աստիճանաբար կորցնում ենք ամերիկահայությանը»
«Հայելի» մամուլի ակումբում Ամերիկայից նոր ժամանած Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ այն խնդրին, որը սպառնում է մեզ: Ըստ բանախոսի՝ մենք կանգնած ենք ամերիկահայության աջակցությունը կորցնելու վտանգի առջև: Ըստ Հակոբ Ավետիքյանի Ամերիկայի պես կարևոր և տնտեսապես հզոր երկրի հայությունը միշտ աջակցել է իր հայրենքին ու ժողովրդին, սակայն այդ աջակցությունը աստիճանաբար նվազում է և մենք գուցե շուտով կորցնենք ամերիկահայությանը: Առաջին պատճառը թերևս այն է, որ հայությունը կարծես հանձնվել է հայ հեղափախական դաշնակցությանը: Սակայն այն, որ սփյուռքում ամենակազմակերպված կուսակցությունը դաշնակցությունն է, ամենևին չի նշանակում, որ սփյուռքահայերը դաշնակցական են: «Ամերիկահայության 80 տոկոսը որևէ կուսակցության չի պատկանում և չի ցանկանում որևէ մեկի մոնոպոլիան դառնալ: Եվ այսօր դաշնակցությունը և այլ կուսակցությունները չեն կարողանում ամերիկահայ երիտասարդությանը գրավեն իրենց շարքեր»- ասաց Հակոբ Ավետիքյանը: Ըստ նրա՝ երկրորդ պատճառը Հայկական բարեգործական ընդհանուր միության վարած գործունեությունն է, որը զանազան նախաձեռնություններով ևս չի կարողանում գրավել երիտասարդությանը իր շարքերը: Վերջին և կարևոր խնդիրն ու պատճառն ազգային ամենահին կազմակերպության՝ եկեղեցու նկատմամբ ձեռք բերած անուշադրությունն է: «Ամերիկայում եկեղեցու անդամության խնդիր կա: Այնտեղ դու կարող ես ընտրել քո հովվին, եթե տվյալ եկեղեցու անդամ ես, իսկ մեզ մոտ կաթողիկոսն է որոշում, թե որ մարզում ո՛վ պետք է լինի հոգևոր առաջնորդը: Հռոմի պապին ընտրում են կարդինալները, ոչ թե ժողովուրդը, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, կաթողիկոսին ընտրում են Ազգային եկեղեցական ժողովի ընթացքում, որի մեծամասնությունը կազմում են աշխարհականները: Ամենադեմոկրատական եկեղեցին մերն է: Հետևաբար այս պայմաններում պակասել է հավատացյալների թիվը: 15000 անդամներից հազիվ 5000-ն է մնացել»-ասաց Հակոբ Ավետիքյանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի հոգևորականները կկարողանան երիտասարդությանը գրավել դեպի եկեղեցին, որի հետևանքով էլ մենք կկարողանանք ակնկալել ամերիկահայության օգնությունը: Տաթևիկ Թահմազյան
