Հակոբ Ավետիքյան. «Ոչ թե Թրամփը հաղթեց, այլ Քլինթոնը պարտվեց»
«Հայելի» մամուլի ակումբում Հակոբ Ավետիքյանը խոսեց տեղի ԱՄՆ նախագահական ընտրությունների և այդ ընտրություններում ԶԼՄ-ների դերի մասին: Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ամերիկյան լրատվամիջոցները նախագահական ընտրություններից հետո առաջին հերթին քննադատում են հարցախույզ կատարած կազմակերպություններին, որոնք հաշվի չեն առել բարձրագույն կրթություն չունեցող սպիտակամորթների ձայները հօգուտ Թրամփի: Բացի այդ, անտեսվել են նաև հարավում և արևմուտքում ապրող ամերիկացիների, ինչպես նաև հայերի ձայները, որոնք նույնպես նախապատվությունը տվել են Թրամփին: «Տեղում նաև զուգահեռներ անցկացրեցի ԱՄՆ-ի ընտրությունների և Հայաստանում առաջիկա ընտրությունների միջև: Որոշումն ընդունում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, իսկ արդյոք խորհրդարանը մեր ժողովրդի ձայնն է ներկայացնելու: ԱՄՆ-ում ելքային ընտրություններում հաղթեց Հիլըրի Քլինթոնը, սակայն ընտրիչների ձայներով՝ բավականին մեծ տարբերությամբ հաղթեց Թրամփը: Կարծում եմ նույնը կլինի նաև մեզ մոտ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը: Այն մասին, թե ի տարբերություն նախորդ նախագահների ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարի Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ, Հակոբ Ավետիքյանն ասաց, որ, իր կարծիքով, Թրամփը որպես բիզնեսմեն ավելի գործնական կլինի: Պարզվեց, որ հատկապես Մերձբալթյան երկրների ռուսները նախապատվությունը տվել են հենց Թրամփին, քանզի վստահ են, որ Թրամփ-Պուտին հարաբերությունները դրական կլինեն և իրենց չի սպառնա պատերազմի վտանգը: Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ դա տեղական մտածողություն է, որը արժանի է ուշադրության: «Կարծում եմ, ոչ թե հաղթեց Թրամփը, այլ պարտվեց Հիլըրին: Եթե անդրադառնանք Օբամային, ապա կարելի է ասել, որ ինչ-որ տեղ նա հրաշալի նախագահ էր. նրա կառավարության օրոք ոչ մի սկանդալ չպատահեց, ինչը միշտ եղել է տարբեր նախագահների օրոք: Հիմա լավ շրջան է գալիս լրագրողների համար, որովհետև Թրամփն անընդհատ նոր թեմաներ է «տալու» լուսաբանելու համար», ասաց Հակոբ Ավետիքյանը: Նա նշեց, որ երբեք չէր տեսել ինքնավստահ ամերիկացինեին այդքան մտահոգ, որքան նրանք այս օրերին են, քանի որ բազմաթիվ ամերիկացիներ ընտրել են Քլինթոնին և հիմա չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում: Դոնալդ Թրամփը իշխանությունը ստանձնելու է հունվարի 20-ից և դժվար է կանխատեսել, թե ինչ քաղաքականություն նա կվարի: Տաթևիկ Թահմազյան
