Ինչ են քննարկել Պուտինն ու Մերկելը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվային կոչ է արել ազդել Ուկրաինայի արևելքում գտնվող անջատողականների վրա, որպեսզի Ուկրաինայի հակամարտության լուծման մեջ հաջողության հասնեն, հաղորդում է BBC-ն: Մերկելը «հստակ հասկացրել է նախագահ Պուտինին, որ համակողմանի քաղաքական լուծման հանգելու համար» պետք է պահպանվի հրադադարն ու դիտորդներին անսահմանափակ հասանելիություն հատկացվի: «Այստեղ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունն անջատողականների վրա»,- ասել է Մերկելի ներկայացուցիչը: «Հանգամանորեն քննարկվել է Ուկրաինայում ճգնաժամային դրության կարգավորումը: Փոխադարձ հետաքրքրվածություն է հայտնվել կողմերի շփման գծում հրադադարի ապահովման հարցում, և ընդհանուր առմամբ ընդգծվել է Մինսկի պայմանավորվածությունների իրացման այլընտրանքային չլինելը»,- ասվում է հաղորդագրությունում: Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Մերկելի հանդիպումից մեկ օր անց:
