«Բնակչության 80 տոկոսը բացասական է գնահատել Ոստիկանության գործունեությունը Սարի թաղի իրադարձությունների ժամանակ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։Հարցումների համաձայն՝ հարցվածների 91%-ը տեղյակ է 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երևանում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու մասին։ Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։ Հարցվածների 41 տոկոսի համար պատճառը եղել է երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առկայությունը, 32 տոկոսի համար՝ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսի համար՝ ԼՂՀ հակամարտության գործընթացում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը, 10 տոկոսի համար դա եղել է արտաքին ուժերի կողﬕց իրականացված պատվեր, իսկ 6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ «Գելլափ Ինթերնեյշնլը» նաև փորձել է պարզել տարբեր ինստիտուտների կողմից «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում գործունեության, արձագանքի գնահատականը։ Գնահատումն իրականացվել է 1-ից բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը։ Հարցվածներն ամենաբարձրը գնահատել են ԶԼՄ-ների աշխատանքը՝ 3.5 բալ, ընդդիմությանը տվել են 2.8 բալ, միջազգային կազմակերպություններին՝ 2.3 բալ, Ազգային անվտանգության ծառայությանը՝ 2.1 բալ, դեսպանատներին, Հանրային խորհրդին և անվտանգության խորհրդին՝ 2 բալ, ՀՀ նախագահին՝ 1.9 բալ, ՀՀ ոստիկանապետին՝ 1.8 բալ, ՀՀ վարչապետին՝ 1.7 բալ, ԱԺ նախագհին՝ 1. 6 բալ։ «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների գործունեության, արձագանքի գնահատականը, որտեղ կրկին գնահատումը՝ ամենաբարձր բալերը ստացել են Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը՝ 3.4 բալ, Ալեք Ենիգոմշյանը ստացել է 3.1 բալ, Անդրիաս Ղուկասյանը և Արմեն Մարտիրոսյանը ստացել են 2.8 բալ, Էդմոն Մարուքյանը՝ 2.6 բալ, Գառնիկ Իսագուլյանը՝ 2.4, իսկ Արշակ Սադոյանը՝ 2.1 բալ։ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցությունները վարող ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գործունեությունը հարցվածների 44.9 տոկոսը դրական են գնահատել, 15.1 տոկոսը՝ լիովին դրական, 14 տոկոսը՝ բացասական, 8.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 17.3 տոկոսը դժվարացել են պատասխանել։ Հարցվածների ընդամենը 8.4 տոկոսն է պատասխանել, որ ինքն անձամբ ներկա է եղել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող հանրահավաքներին, իսկ 91. 6 տոկոսը պատասխանել են, որ չեն եղել։
