«Գալստուկավոր, մաքուր հագնված մարդը գնում էր այնտեղ՝ ոչ մի բան չանելու, որ պետության բյուջեի հաշվին փո՞ղ ստանար»
Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հազար դրամների նախագծին, նշեց, որ Երկրի վիճակը վիճակ չէ, և հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր հնարավոր ու անհնար տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Իսկ սա իրեն հարգող երկրի համար շատ ամոթալի բան է:«Երկրում բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ իշխանությունները ժողովրդին ասում են՝ փող տվեք զինվորին պահելու համար: Սա արված է ժողովրդին հիմարացնելու համար, սա փուչ խոսակցություն է: Եթե իշխանությունն այդքան հուզված էր, նախևառաջ ՊՆ-ի 100 հազար դոլարանոց մեքենաները պետք էր վերացնել»,- ասաց տնտեսագետը: Այնուհետև անդրադառնալով տնտեսությանը՝ նշեց, որ այն գտնվում է ծանր վիճակում։ Ըստ նրա՝ վարչապետը ներկայացել է մի ծրագրով, որը բավականաչափ տարբերվում է մյուսներից, ներկայացվել է իրատեսական բյուջե։ Անդրադառնալով ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումներին, ինչի արդյունքում մարդիկ կորցնում են աշխատանքը, նա ասաց, որ «արտաքին պարտքի որևէ մի կոպեկ չի գտնվում որևէ մի խելքը գլխին կառույցում, բոլորը գտնվում էին ԾԻԳ-երում և որոշակի հովանավորված, պաշտպանված ու թափանցիկություն չունեցող ՊՈԱԿ-ներում». «Հիմա դա վերանում է, դա վա՞տ բան է։ Իսկ դուք ասում եք՝ աշխատատեղեր են կրճատվում։ Գալստուկավոր, մաքուր հագնված մարդը գնում է այնտեղ՝ ոչ մի բան չանելու, որ պետության բյուջեի հաշվին փո՞ղ ստանար»։
