Թրամփի հաղթանակն ապահովել է նրա փեսան․ Forbes
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակ տանելու հարցում մեծ դեր է ունեցել նրա փեսան՝ 35-ամյա Ջարեդ Քուշները։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը՝ հիմնվելով Թրամփի փեսայի հարցազրույցի վրա։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե ոչ մի պատկերացում չունի համակարգչային տեխնոլոգիաների մասին, այնուամենայնիվ, նա գիտակցել է սոցցանցերի, մասնավորապես Twitter-ի, հսկայական նշանակությունը։ Քուշների խոսքով՝ երբ Թրամփը եկավ այն եզարակցության, որ իր քարոզարշավը սոցցանցերում տարածման խնդիր ունի, օգնություն խնդրեց իրենից։ Երբ Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմը սկսեց Facebook-ում կիրառել միկրոթարգեթավորում, գլխարկների, վերնաշապիկների և նախընտրական արշավի խորհրդանիշներով այլ իրերի վաճառքը մեկ օրում 8 հազար դոլարից հասավ 80 հազար դոլարի։ Ավելի ուշ որոշում կայացվեց 160 հազար դոլար ներդնել պարզունակ տեսանյութերի ձայնագրման և տարածման համար, որտեղ Թրամփը պարզապես խոսել է՝ նայելով տեսախցիկին:
