Լոնդոնի մեղադրանքները «վտանգավոր շահարկումներ» են
Ռուսաստանի ԱԳՆ-ն Սիրիայում պատերազմ սանձազերծելու մասին պաշտոնական Մոսկվային ուղղված Լոնդոնի մեղադրանքները որակել է «վտանգավոր շահարկում»: Այս մասին «BBC»-ի փոխանցմամբ`«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերից հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդպիսով Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի այն հայտարարությունը, թե Կրեմլը խոչընդոտում է Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն միտված միջազգային հանրության ջանքերը: Ավելի վաղ Համոնդը այցելել էր Զաաթարում և Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ և հայտարարել էր, որ ռուսական ավիահարվածները սիրիական ռեժիմին գոյատևելու համար լրացուցիչ հնարավորություններ են տալիս: «Դա վատ հեռանկար է բոլորի համար, քանի որ ռեժիմը պատասխանատվություն է կրում Սիրիայում քաղաքացիական պատերազմի համար»,-նշել էր բրիտանացի արտգործնախարարը:
