Գևորգ Սաֆարյանի գործով վկան ճանաչել է իրեն հարվածած ոստիկանին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դատավարությունը: Նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանի գործով վկա, «Նոր Հայաստան» շարժման աջակից Սեւակ Մանուկյանը ճանաչել է այն ոստիկանին, ով Ամանորի գիշերն իր այնպես է հարվածել, որ ինքը ուշագնաց է եղել: Այս մասին դատարանում տված իր ցուցմունքում ասաց նա: Նա պատմեց, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին գնացել են Ազատության հրապարակ՝ նշելու Նոր տարին: Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրմանը խոչընդոտել են ոստիկանները, Գեւորգ Սաֆարյանը փորձել է հարթել միջադեպը, ոչ մի հարված չի եղել նրա կողմից: Այնուհետեւ վկան տեսել է, թե ինչպես են ոստիկանները հարվածել Հովհաննես Ղազարյանին, ոտքով պատնեշ են արել, Հովհաննես Ղազարյանը ընկել է գետնին: Նա նշեց, որ իրեն հարվածած ոստիկանին տեսել է ֆեյսբուքում, ճանաչել է լուսանկարով, նրա անունը Վարդան Ապրեսյան է:
