Բեգլարյանի թիկնապահների ծեծկռտուքի գործով երկու հոգի ազատ են արձակվել. hraparak.am
Տրանսպորտի եւ կապի նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը՝ Հովհաննես Շմոյանն ու Վազգեն Մկրտչյանը ազատ են արձակվել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրանց փաստաբան Միհրան Պողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու հիմքով նրանք ազատ են արձակվել. «Ինձ թվում է՝ վարույթն իրականացնող մարմինը դեռևս շատ ավելի վաղ պետք է հանգեր այն եզրակացությանը, որ կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում էին, սակայն, ավաղ, հանգեց այդ եզրակացությանը նախաքննության վեցերորդ ամիսը լրանալուց հետո: Վերջին Վերաքննիչ բողոքը քննվել էր մոտավորապես 15 օր առաջ, սակայն Վերաքննիչ դատարանը արդարադատություն իրականացնելիս, ինչպես միշտ «բարձունքում» գտնվեց և համարեց, որ կալանքի տակ պահելու հիմքերը առկա են, սակայն վարույթն իրականացնող մարմինը դրանից օրեր անց միջնորդություն չներկայացրեց, և քանի որ վերջին երկամսյա կալանքի ժամկետը լրացավ, ազատ արձակեցին»: Փաստաբանը նաև նշեց, որ երկուսն էլ ազատ են արձակվել նոյեմբերի 21-ով: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ սույն քրեական գործի շրջանակներում Վահան Սարգսյանին, Սուրեն Վարդանյանին, Հովհաննես Շմոյանին ու Վազգեն Մկրտչյանին եւս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 5-ն էլ կալանավորված էին: Ըստ մամուլի հրապարակումների, կալանավորված անձինք նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն ու վարորդն են: Հավելենք նաև, որ Շմոյանն ու Մկրտչյանը չէին ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, պնդում են, որ պատահաբար են հայտնվել ծեծկռտուքի վայրում:
