ՄՕԿ-ի որոշումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով. Արտաշես Ներսիսյան
Ինչպես արդեն հայտնել էինք Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ-նմուշի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես որակազրկվել է Լոնդոն 2012-ից եւ զրկվել նվաճած բրոնզե մեդալից: Խուրշուդյանի դոպինգ-նմուշում հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն եւ տանոզոլոլ: Միջազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է վերադարձնել մեդալը եւ դիպլոմը: Այս թեմայով դիմեցինք Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, ով անհասկանալի համարեց ՄՕԿ-ի քայլը: Ինչպես նշեց՝ իրենք միշտ գործել են ՄՕԿ-ի չափանիշների համաձայն, և երբեք չեն խախտել սահմանված նորմատիվները: Ըստ մասնագետի՝ այստեղ միտում կա՝ ՄՕԿ-ի այս որոշումը պայմանավորված է ոչ թե մարզական, այլ քաղաքական դրդապատճառներով: «Մի 100 անգամ ստուգել են, մենք էլ ենք ստուգել, այնտեղ էլ է ստուգվել, հիմա էլ ասում են՝ 4 տարի առաջ մաքուր չես եղել: Դե արի հասկացիր դրանց: Բացի այդ ստուգումները 1 անգամ էլ մրցումներից հետո է Հռիփսիմեն ստուգվել: Եթե նորմալ չէր, թող այն ժամանակ ասեին՝ նորմալ չէ»,- ասաց նա:
