Գերմանիայի դեսպանը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի և վիզայի դյուրացման մասին
Հայաստան ԵՄ շրջանակային համաձայնգրի շուրջ բանակցությունները բավական հաջող են ընթանում: Բանակցությունների հաջորդ շրջափուլը կլինի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:«Վերջին շրջանում համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջող կերպով և հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»,- ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը, ապա դեսպանը նշեց, որ ընդունում է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն առանց ընթացակարգերի դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կմեկնարկի երկխոսությունն ԵՄ-ի հետ: «Որպես խորհուրդ, հենվելով մինչ այս եղած փորձի վրա, կարող եմ ասել, որ գոյություն ունեն որոշ նախապայմաններ վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգերի համար: Այսինքն` նախքան վիզայի դյուրացման վերաբերյալ պաշտոնապես երկխոսության մեջ մտնելը տվյալ երկիրը կարող է իրականացնել որոշակի քայլեր: Դա կհեշտացնի դեպի պաշտոնական ճանապարհին անցնելու գործընթացը»,-հավելեց նա:
