Ստամբուլահայ երիտասարդները չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մասին կարծիք կազմի Աթեշյանի հայտարարությունների հիման վրա
Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականը հետաքրքրվել է ստամբուլահայ երիտասարդներից, թե ի՞նչ կարծիք և սպասելիքներ ունեն նրանք Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված: Հարցմանը մասնակցած երիտասարդները միաբերան պատասխանել են, որ մտադիր են մասնակցել քվեարկությանը և կարևոր են համարում համայնքի՝ ընտրելու իրենց իրավունքն օգտագործելը: Երիտասարդները նշել են, որ պատրիարք Մութաֆյանի՝ վատառողջ լինելու պատճառով 8 տարի շարունակ կոմայի մեջ գտնվելը բազմաթիվ բարդություններ է ստեղծել համայնքի ներսում, հատկապես՝ փոխպատրիարք Արամ Աթեշյանի գործունեության հետ կապված: Հայ երիտասարդները միաբերան հիշեցրել են, որ պատրիարք Մութաֆյանի՝ կոմայի մեջ հայտնվելուց առաջ պատրիարքարանը շատ մեծ ներքին աշխատանքներ է տարել ի օգուտ համայնքի, մինչդեռ վերջին 8 տարում նրանք զգում են ոչ միայն այդ պակասը, այլև համայնքի վիճակը որակում են որպես «անհայր մնացած»: «Ակօսի» զրուցակիցները նաև շեշտել են, որ չեն ցանկանում, որպեսզի աշխարհը ստամբուլահայության մասին պատկերացումներ կազմի փոխպատրիարք Աթեշյանի գործունեության և արած հայտարարությունների վրա հիմնվելով: Ստամբուլահայ երիտասարդությունը հայտնել է իր խիստ դժգոհությունը անցյալ տարի Արամ Աթեշյանի՝ Բունդեսթագին ուղղված նամակի վերաբերյալ: Զրուցակիցներից մեկը նշել է, որ ինքն անպայման պետք է իր քվեն տա սպասվելիք ընտրություններում, քանի որ ընտրված պատրիարքը իր և իրեն ընտրած համայնքի առաջ պատասխանատվություն է ստանձնում, մինչդեռ նրանք չեն կարող պահանջներ ներկայացնել, օրինակ, փոխպատրիարք Աթեշյանին, որին ընտրել են ոչ թե իրենք, այլ՝ պետությունը:
