Երկիրը մտադիր չէ «ցանկացած գնով» հասնել ԵՄ-ին անդամակցությանը. Էրդողանը նոր ծրագրեր ունի
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների արգելակման ֆոնին Անկարան մտադիր է մերձենալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է Die Welt-ը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկիրը մտադիր չէ «ցանկացած գնով» հասնել ԵՄ-ին անդամակցությանը: «Դրա փոխարեն, Թուրքիան կարող է միանալ Շանհայյան համագործակցության կազմակերպությանը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին դառնալով ՇՀԿ անդամ»,- Ուզբեկստան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էրդողանը: Ինչպես ասել է՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ անդամակցության բանակցությունները վաղուց փակուղի են մտել: «Ընդամենը մի քանի օր առաջ է Էրդողանը Բրյուսելից պահանջել մինչեւ ընթացիկ տարվա վերջ կողմնորոշվել բանակցությունները վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խոստացել է հանրաքվե անցկացնել՝ իմանալու համար, թե Եվրամիություն մտնելու մասին ինչ են մտածում երկրի քաղաքացիները»,- նշված է պարբերականում:
