Ես ներդրում եմ կատարում ապագայի համար. Ռուբեն Վարդանյան
IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ծավալուն հարցազրույց է տվել TASS գործակալությանը։«Ես ներդրում եմ կատարում ապագայի համար, այդ թվում` իմ, իսկ ավելի կարևոր է` իմ երեխաների: Իմ բոլոր նախագծերը եղել և մնում են գործընկերային, այդ պատճառով, եթե այդպես նայենք, ես կիսվել ու կիսվում եմ մշտապես՝ գործընկերների, աշխատակիցների, ընկերների հետ։ Կարելի է նաև ոչ միայն գումարով կիսվել, այլև, օրինակ, ուրախությամբ, հաջողությանը հաղորդակից դարձնել նրանց։ Կյանքում միշտ է այդպես՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում»,- ասել է ռուսաստաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։ «Մենք զբաղվում ենք սոցիալական ներդրմամբ և տարանջատում չենք անում, որ այստեղ գումար ենք աշխատել, այնտեղ` ծախսել բարեգործության վրա: Աշխարհում հանրային է դառնում մոդելը, երբ բիզնեսը միահյուսվում է մարդասիրության հետ: Ապագան սոցիալական կապիտալիզմինն է, այդ մոդելը կփրկի աշխարհը»,- կարծում է բարերարը:
